Վրացական իշխանությունները Ջավախքի հայաթափմանն ուղղված նոր մեթոդ են հնարել եւ սկսել են հայերի վրացականացման նոր գործընթաց: Դա կարելի է որակել որպես սպիտակ ցեղասպանության նոր փուլ: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը:
«Նոր ուսումնական տարվա սկզբին վրացական իշխանությունները նոր ծրագիր են մտցրել, որի համաձայն՝ հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը զգալիորեն կրճատվել են»,- ասաց նա ու հիշեցնեց, որ խորհրդային շրջանում Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի քանակը բարձր դասարաններում կազմում էր շաբաթական 8 ժամ, որից հետո այն նվազեց 6-ի, 4-ի, իսկ հիմա հայոց լեզուն դասավանդվում է շաբաթական 2 անգամ:
«Դպրոցն ավարտելիս հայոց լեզվից ավարտական քննություն չեն հանձնում, որն ուղղված է նրան, որ երեխաները ավելի նվազ ուշադրություն դարձնեն հայոց լեզվին: Վրացական իշխանությունները ամրացնում են վրացերենը՝ հայերենը ոչնչացնելու հաշվին: Թբիլիսիում կազմվել է Ջավախքի հայ ուսուցիչների ցուցակ, որն ուղարկվել է դպրոցների տնօրեններին եւ այդ ուսուցիչները հեռացվել են աշխատանքից առանց բացատրությունների»,- ասաց Թորոսյանը:
Նա հիշեցրեց, որ 2010-ի սկզբին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում որոշվել է հայ ուսուցիչներին ուղարկել Հայաստան՝ վերապատրաստման, սակայն վրացական իշխանությունները թույլ չեն տվել դա՝ հայտարարելով, որ նույնը կիրականացնեն Վրաստանում:
Ջավախքի հայերի հարցը լուծելուց հետո Վրաստանը կանցնի Հայաստանին: Լուծելով Վրաստանում Հայաստանի ունեցած լծակի հարցը, վրացական իշխանությունները՝ հասկանալով Հայաստանի կախվածությունը Վրաստանից, որը Հայաստանի համար ելք է դեպի արտաքին աշխարհ, կարող են անել այն, ինչ ցանկանան»,- նշել է նա:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք վրացական իշխանությունները նույն քաղաքականությունը վարում են նաեւ ադրբեջանցիների նկատմամբ, Շ. Թորոսյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները եւս դժգոհ են Վրաստանի քաղաքականությունից, սակայն Քվեմո Քարթլիում, որտեղ հիմնական բնակչությունն ադրբեջանցիներն են, բնակչությունը նման հետապնդումների չի ենթարկվում:




























