Վրաերթի հետեւանքով Գլենդելում մահացած 4-ամյա Վիոլետա Խաչատրյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կկայանան հաջորդ շաբաթ։ Այս մասին գրում է Glendale News-Press պարբերականը։
Ընտանիքի բարեկամ Արշակ Բարեղամյանի խոսքով, հոգեհանգիստը կկատարվի երեքշաբթի, տեղի եկեղեցիներից մեկում, իսկ հուղարկավորությունը՝ չորեքշաբթի։ Աղջնակի մահը ցնցել է Գլենդելի հանրությանը եւ, միաժամանակ, մտերիմ ու անծանոթ մարդկանց կողմից առատաձեռնություն ցուցաբերելու առիթ դարձել։ Նրանք ընտանիքին 45 հազար դոլար են նվիրաբերել։
«Ընտանիքի անդամների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք դժվարին կացության մեջ են»,- հայտարարել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ Վիոլետայի ավագ քույրն աուտիզմով է տառապում եւ գամված է հաշմանդամի սայլակին։ «Նրանք ֆինանսական այնպիսի դժվարություններ ունեն, որ դժվարանում են հոգալ հուղարկավորության ծախսերը»,- նշել է քաղաքապետը։
Հիշեցնենք, որ 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը զոհվել էր մարտի 6-ին տեղի ունեցած վթաերթի հետեւանքով։ Երեխան մայթեզրից փողոցի երթեւեկելի հատված է վազել, եւ ավտոմեքենան հատվածել է նրան ու դիմել փախուստի:
Ոստիկանների խոսքով, փախուստի դիմած վարորդը եղել է սպիտակ կամ բաց շագանակագույն մեքենայով: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երեխան օդում շուրջ 12 մետր թռել է, ընկել այլ մեքենայի վրա եւ կոտրել հետեւի ապակին: Վիոլետան մահացել է հիվանդանոցում:
Ավելի ուշ վթարին մասնակցության մեջ կասկածվող Գլենդելի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել, իսկ հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:





























