2015 թվականին Եվրամիությունը Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի՝ էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով: Այս մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնեց Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Տրայան Հրիստեան:
Նա հիշեցրեց, որ Եվրամիությունն առաջին միջազգային կազմակերպություններից էր, որն աջակցություն տրամադրեց Հայաստանի էներգետիկային: Դեռեւս 1996 թվականին ԵՄ-ն Հայկական ԱԷԿ-ի աջակցության համար ֆինանսական միջոցներ հատկացրեց:
2003 թվականից ԵՄ-ն աջակցում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Ծրագրերից մեկի շրջանակում 2.6 մլն եվրոյի չափով ֆինանսավորվեց Որոտանի կասկադ ՀԷԿ-ը:
2012 թվականից էլ, Innogate տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակում, Եվրամիությունը Հայաստանին օգնեց էներգետիկայի ոլորտում մի շարք նախագծեր իրականացնել, հիմնականում՝ էներգետիկ քաղաքականության եւ վիճակագրության գծով խորհրդատվության տեսքով:





























