Կալիֆորնիական Գլենդել քաղաքում յոթ հոգի ներխուժել են հայի պատկանող օպտիկայի սրահ եւ երկու րոպե անց փախուստի դիմել՝ իրենց հետ 200 հազար դոլար արժողությամբ ակնոցներ տանելով: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես սեւ հագուստով, գլխարկներով եւ ձեռնոցներով անձիք կոտրում դուռն ու հավաքում ակնոցները: «Ես երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է խանութի սեփականատեր Գոռ Վարդանյանը:

Բարձրակարգ խանութ-սրահը տեղակայված է Գլենդելի ոստիկանության շենքից կես մղոն հեռավորությամբ: «Շատ եմ ուզում, որ նրանց բռնեն»,- ասել է Վարդանյանը՝ գողերի աշխատանքն «անփույթ» անվանելով, քանի որ նրանց դեմքերը բաց են եղել:

Սա արդեն երրորդ դեպքն է, երբ այս տեղում արդեն 10 տարի աշխատող Վարդանի ընտանեկան բիզնեսը գրավում է հանցագործներին: Առաջին երկու գողությունները կատարվել են 2008 եւ 2012 թվականներին, սակայն մինչեւ հիմա ոչ ոք չի ձերբակալվել: