Ադրբեջանը երբեք դեմ չի եղել փախստականների վերադարձին:  Այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը՝ մեկնաբանելով Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայութան պետ Գագիկ Եգանյանի հայտարարությունը, ըստ որի՝ հայ փախստականներն ուզում են վերադառնալ Ադրբեջան:

«Ադրբեջանը երբեք դեմ չի եղել դրան: Սակայն նախ անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ինչը կարող է սկսվել «օկուպացված ադրբեջանական տարածքներից» հայկական զորքերի դուրս բերումով: Այնուհետեւ պետք է Ադրբեջանի ներսում բռնի տեղահանված բոլոր մարդիկ վերադառնան իրենց տներ՝ Լեռնային Ղարաբաղ եւ նրան հարակից 7 շրջաններ»,-ասել է Պոլուխովը: Նա նաեւ հավելել է, որ բոլոր այս գործընթացներից հետո ԼՂ ադրբեջանական եւ հայկական համայնքները պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում: «Եւ արդեն հաջորդ փուլում կքննարկվի ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը լքած հայերի վերադարձը»,-եզրափակել է Պոլուխովը:   

Նշենք, որ Ադրբեջանի կողմից վարած էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում կես միլիոն հայեր ստիպված եղան տարհանվել իրենց մշտական բնակության վայրերից: Նրանցից 408 հազարը բռնագաղթեցին Հայաստան, ընդ որում 18 հազարը ԼՂՀ Շահումայնի շրջանից, 14 հազարը՝ Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանից եւ 16 հազարը՝ Ադրբեջանի կողմից ԼՀՂ Մարտակերտի շրջանի բռնազավթված հայկական բնակավայրերից: