Սերբերը պատրաստվում են դուրս գալ ցույցի` ընդդեմ ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանի որոշման, ըստ որի՝ Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումն օրինական է եւ չի հակասում միջազգային որեւէ օրենքի:

Իրավիճակի հնարավոր լարման հետ կապված հուլիսի 22-ի երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել: Դեռեւս վիճակը հանգիստ է, սակայն ամեն վայրկյան իրավիճակը կարող է լարվել:

Չի բացառվում, որ նոր հակամարտություն կարող է սկսվել, քանի որ Կոսովոյի ալբանական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են նոր հակամարտություն սկսել, եթե Սերբիան փորձի վիճարկել միջազգային դատարանի որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Միջազգային դատարանի նախագահ Հիսաշի Օվադան հայտարարել էր, որ միջազգային իրավունքը «չի արգելում հռչակել անկախություն»:

Նշենք, որ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր ուժ չունի, կրում է խորհրդատվական բնույթ, սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանը անուղղակիորեն ճանաչել է ԼՂ անկախությունը: «Մթնոլորտը փոխվում է, իրավիճակը փոխվում է, ամեն ինչ փոխվում է: Այդ որոշման արդյունքները վճռորոշ են լինելու ԼՂ խնդրի կարգավորման հարցում` մեր օգտին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից՝ 2008 թվականի փետրվարի 17-ին: Նրան աջակցել են ԱՄՆ-ը եւ մի շարք եվրոպական երկրներ: Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել են 69 երկրներ: Իր հերթին Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը պնդում են, որ այդ որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին: