Մոսկվայի՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Հուլիսի 22-ին նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Այսօր Միջազգային դատարանն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի հարցման, հրապարակել է 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի ընդունած «Անկախության հռչակման մասին հռչակագրի»՝ միջազգային  իրավունքին համապատասխանելու իր որոշումը։ Դատարանը եկել է այն եզրահանգման, որ այդ փաստաթուղթը չի հակասում միջազգային իրավունքին»,- ասվում է Նեստերենկոյի՝ Միջազգային դատարանի՝ Կոսովոյի մասով որոշման մեկնաբանության մեջ։

Համաձայն ՌԴ ԱԳՆ-ի` սկզբունքորեն կարեւոր է, որ դատարանը գնահատական տվել միայն հռչակագրին։ «Իր եզրակացություններում դատարանը չի անդրադարձել այդ փաստաթղթի ընդունման հետեւանքներին, մասնավորապես այն մասին, թե պետությո՞ւն է, արդյոք, Կոսովոն»,- նշել է Նեստերենկոն ու հավելել. «Կարծում ենք՝ Կոսովոյի խնդրի լուծումը հնարավոր է միայն շահագրգիռ կողմերի միջեւ բանակցությունների շարունակության ճանապարհով»: