ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այսօր` հուլիսի 23-ին ստորագրել են ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին 11-րդ արձանագրությունը: Ըստ 11-րդ փոփոխության` ԱՄՆ Կառավարությունը 2,875,284 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում ՀՀ Կառավարությանը՝ մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Այս նամակ-hամաձայնագիրը ԱՄՆ եւ Հայաստանի շարունակական համագործակցության մի կարեւոր մաս է: Ֆինանսավորումը, որը տրամադրվում է նամակ-hամաձայնագրի սույն փոփոխությամբ, կնպաստի Հայաստանի քաղաքացիներին հետեւյալ հաստատությունների զարգացման եւ երկկողմ ծրագրերի իրականացման միջոցով` քրեափորձագիտական ինստիտուտի զարգացում, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր, Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագիր, թրաֆիքինգի զոհերի օժանդակության ծրագիր եւ Հայաստանի իրավապահ ոլորտի զարգացման ծրագիր:
2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր ԱՄՆ կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 14 միլիոն ԱՄՆ դոլար: Դրա շրջանակներում ՀՀ ոստիկանության համար ստեղծվել է տեղեկատվական համակարգ, ընդլայնվել սահմանների կառավարման տեղեկատվական համակարգը (BMIS)՝ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը ներառելու նպատակով, ձեւավորվել է Փորձաքննությունների ազգային բյուրոն՝ որպես ՀՀ բոլոր իրավապահ կառույցների համար քրեափորձագիտական լաբորատոր կենտրոն, վերանորոգվել է ոստիկանության Ուսումնական կենտրոնն ու մշակվել առարկայական ծրագրեր, տեխնիկական աջակցություն ցուցաբերվել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին եւ օժանդակություն՝ մարդկանց թրաֆիքինգի զոհերին եւ աջակցություն դատաիրավական բարեփոխումներին:




























