Որպեսզի Հայաստանում որեւէ բան փոխվի, պետք է իշխանության գան նոր ուժեր։ Այս մասին այսօր` հուլիսի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Նրա համոզմամբ, այսօր արտահերթ ընտրությունների շունչն ավելի շատ զգացվում է հենց իշխանության շարքերում։ «Իշխանությունը պետք է գիտակցի, որ մենք ամեն օր պարտվում ենք։ Սակայն մի կողմից այդ դիրքորոշումը դեռեւս չկա, մյուս կողմից՝ չկա ընդդիմության՝ ճիշտ քաղաքականության սկիզբ դնելու կարողությունը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը։

Կուսակցության փոխնախագահի խոսքով, թեպետ ներքին այսպիսի զարգացումների պարագայում դժվար է արտահերթ ընտրությունների ակնկալիք ունենալ, սակայն բավական է մի փոքր փոփոխություն, որպեսզի իշխանափոխության հարցը դառնա օրակարգային։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ Ազգային ժողովում ունեցած ելույթներից մինչեւ իրենց համագումարը բազմիցս շեշտել են, որ «մտել ենք արտահերթ հանգրվան  եւ արտահերթ իրավիճակ»: