Համաշխարհային շուկայում տեղի է ունենում ցորենի նկատմամբ պահանջարկի էական աճ: Դրա հետեւանքով ցորենի գները հասել են տասերեքամսյա առավելագույնին:

Չիկագոյի ապրանքային բորսայում երեկ ցորենի 1 բուշելի գինը բարձրացել է մինչեւ 6.1 դոլարի: 2009 թ. հունիսից հետո ցորենն այդքան թանկ չէր եղել:

Գործարար շրջանակներից հաղորդում են, որ հացահատիկ ներմուծող բազմաթիվ երկրներ շտապում են որքան հնարավոր է արագ մեծաքանակ գնումներ կատարել` զգուշանալով գների հետագա աճից: Այսպես` հայտնի է դարձել, որ Ալժիրը Ֆրանսիայից անցյալ շաբաթ գնել է 300 հազ. տոննա ցորեն: Ավելի վաղ Եգիպտոսն էր Ռուսաստանից գնել մոտ 140 հազ. տոննա:

Եվրոպայի արեւելյան շրջաններում՝ ներառյալ Ռուսաստանը, բացառիկ շոգ եղանակ է, Կանադայում եւ Ուկրաինայում հորդառատ անձրեւներ են, Ավստրալիայում նույնպես անբարենպաստ եղանակ է: Այս ամենը վտանգներ են ստեղծում հացահատիկի բերքի նվազման առումով՝ ողջ աշխարհում:  

Ցորենից բացի թանկանում են նաեւ տարեկանն ու գարին, հնարավոր է` նաեւ եգիպտացորենը:

Համաշխարհային շուկայի այս թանկացումները կարող են բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանում, որը տարեկան ներմուծում է մոտ 300-400 հազ. տոննա հացահատիկ` ծածկելով պահանջարկի մոտ 40-50 տոկոսը:

Երեւանյան խանութներում առայժմ կայունություն է` բարձր կարգի 1կգ ալյուրն արժե 200 դրամ: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում տեղի ունենան թանկացումներ: Սակայն հարկ ենք համարում նշել, որ 2009 թ. վերջում եւ 2010 թ. սկզբում համաշխարհային շուկայում հացահատիկը էժանանում էր` հասնելով մինչեւ 1 բուշելի համար 4 դոլարի, սակայն Հայաստանում այդ էժանացումը չզգացվեց: