Մարտի 23-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Մարիո Մոնտեոյի հետ:
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Վարդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Դեսպանը շեշտեց, որ Հայաստանում կան բազում բարձրակարգ մասնագետներ, որոնք համատեղ ծրագրեր են իրականացնում օտարերկրյա տարբեր ընկերությունների հետ: Հայաստանը հարուստ փորձ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, մոլեկուլյար կենսաբանության, աստղաֆիզիկայի ոլորտներում մասնագետներ պատրաստելու գործում, ուստի այս առումով շահագրգռված է հետաքրքրություն ցուցաբերող երկրների հետ համագործակցության խորացմամբ:
Կողմերը հույս հայտնեցին, որ «ՀՀ կառավարության եւ Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, գիտության, կրթության եւ սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նախագիծը դեռեւս գտնվում է քննարկման փուլում, առաջիկայում կստորագրվի եւ ամուր հիմք կդառնա արդյունավետ համագործակցության համար:
Իր հերթին նախարար Մոնտեոն ընդգծեց, որ ֆիլիպինյան կողմը նույնպես մեծ կարեւորություն է տալիս ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը եւ հատկապես կարեւորում է փորձի ձեռքբերումը օտարերկրյա մասնագետներից: Այս համատեքստում նախարարը նպատակահարմար համարեց դիտարկել հայ եւ ֆիլիպինցի մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաեւ նեղ մասնագիտական ուղղություններով վերապատրաստման հնարավորությունը: Նախարարը հույս հայտնեց, որ այս առումով առաջիկայում կողմերը համագործակցության լավ հիմք կդնեն:





























