Apple-ի մենեջերները գովաբանել են Սթիվ Ջոբսի նոր կենսագրությունը: Ըստ The New York Times-ի, բացի այդ, ընկերությունը, որը որպես կանոն իր աշխատակիցների կյանքի մասին լուրեր չի տարածում, մասնակցել է դրա ստեղծմանը:
Խոսքը «Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader» անվանումով գրքի մասին է, որը վաճառքի է հանվելու մարտի 24-ին: Այն գրել են IT ոլորտի լրագրող Բրենթ Շլենդերը եւ Fast Company ամսագրի խմբագիր Ռիք Թեթցելին:
Հեղինակները պարբերականին պատմել են, որ Apple-ի հետ համագործակցություն հաստատելը դյուրին չէր: Առաջին անգամ ընկերության ղեկավարությանն իրենց գաղափարը ներկայացրել են 2012 թվականին, բայց մերժում են ստացել: Apple-ի համաձայնությունը հաջողվել է ստանալ 18 ամիս անց:
Ըստ Lenta-ի, գրքի ստեղծման աշխատանքներին Apple-ի մասնակցությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Թիմ Քուքը կորպորացիան ավելի բաց եւ հրապարակային է դարձնում, մինչդեռ Սթիվ Ջոբսն իր աշխատակիցների մեջ գնահատում էր գաղտնիքները պահելու ունակությունը:





























