Beeline–ի եւ «Համազգային վստահություն» խորհուրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ ներկայացումը։ Ներկայացումը ցուցադրվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի ներքո անկացվող միջոցառումների շրջանակում։
Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների եւ մթագնումների:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Գրիգոր Տեր-Ավագյանի նկարների ցուցահանդես-վաճառքը` «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալ հայ միտքը, հայ մշակույթը, խոսքն ու ձեռագիրը:
«Որպես հեռահաղորդակության առաջատար օպերատոր` Beeline-ը կարեւորում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների աջակցությունը: Մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձություններն առավելագույնս մատչելի կերպով կարող են ներկայացվել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նմանատիպ մշակութային միջոցառումները կնպաստեն երիտասարդների եւ օտարերկրացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ միջազգային ճանաչմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնությունն ուղերձ է քաղաքակիրթ մարդկությանը՝ Կոմիտասի միջոցով եւ Կոմիտասի շուրթերից. այդ ո՞ր քարեղեն ուղեղն է ասել, որ մենք պիտի մեռնենք … մենք պիտի ապրենք … »,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
Նշենք, որ «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին ժ. 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ֆիլմը կցուցադրվի նաեւ Վրաստանում, Ռուսաստանում եւ Լիբանանում:




























