Այս շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկան արտասովոր պասիվություն է ցուցաբերել: Հուլիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (փոխանակման կետերում) բանկերի կողմից գնվել է 56,5 մլն դոլար՝ 363.49 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 55,8 մլն դոլար՝ 365.02 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Սովորաբար շաբաթվա ընթացքում դոլարի առքուվաճառքի ծավալները 75-80 մլն-ի սահմաններում են:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,75 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 365.77 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Սա եւս բավական փոքր ծավալ է: Նշենք, որ հուլիսի 19-ին բորսայում ընդհանրապես գործարք տեղի չէր ունեցել:

Հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 15.5 մլրդ դրամ (համարժեք է մոտ 42 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 38.5 մլն: Վերջին շաբաթների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ դրամային վարկերի ծավալը գերազանցում է դոլարայինը: