Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունն իր 30-ամյա հոբելյանը նվիրելու է երկու կարեւոր իրադարձությունների. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին: «Asbarez» պարբերականի փոխանցմամբ, «Հերոսներն ու բժշկողները. քաջության եւ ալտրուիզմի պատմություններ ցեղասպանության ժամանակ» խորագրով միջոցառումը նախանշված է ապրիլի 11-ին, կալիֆորնիական Գլենդել քաղաքում:
Ընկերակցությունը կպատվի բուժաշխատողներին եւ այլ անձանց, որոնք մարմնավորում են մարդասիրության ոգին, քանի որ, չնայած ազգային եւ կրոնական տարբերություններին, նրանք կյանքեր են փրկել եւ պայքարել են այդ վայրագությունների զոհերի ճակատագրի համար: Նրանց թվում են Արա Երեցյանը, Հարություն Խաչատրյանը, դեսպան Հենրի Մորգենթաուն, Քլարենս Աշերը եւ Արմին Վեգները:
«Որպես բժիշկներ՝ մենք երդվել ենք բուժել օգնության կարիք ունեցող բոլոր մարդկանց, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանց, եւ մեր այցելուների պահանջները գերադասել մեր սեփական պահանջներից: Այդ մարդիկ ոչ միայն ապրել են այդ երդումով, այլեւ այն բոլորովին նոր մակարդակի են հասցրել՝ վտանգելով սեփական կյանքը»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից, ընկերակցության խորհրդի անդամ Րաֆֆի Թաշճյանը:





























