Բոլոր իրավական հիմքերն առկա են, որպեսզի  Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ դիմի այլ պետությունների՝ նույնն անելու առաջարկով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչման վերաբերյալ Հաագայի դատարանի վճռին:

«Առկա են բոլոր իրավական հիմքերը, որպեսզի  Հայաստանը (քաղաքական կամքի առկայության դեպքում) ճանաչի ԼՂ անկախությունը, եւ դիմի այլ պետությունների, որպեսզի նրանք եւս ճանաչեն ԼՂ անկախությունը՝ առանց մտավախության, որ այսպիսով միջազգային իրավունքին հակասող քայլ են անում»,-նշեց նա: Ըստ Մանոյանի, դատարանի վճիռը կարող է դրական նշանակություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի համար:

«Այն երկրները, որոնք ճանաչել են Կոսովոն, եւ այն երկրները, որոնք ճանաչել են Հարավային Օսիան եւ Աբխազիան, նույն բանն են ասել իրենց այդ ճանաչումներով: Միջազգային դատարանն էլ իր հերթին ասում է, որ Կոսովոյի նախադեպը չի հակասում միջազգային իրավունքին, իսկ այդ իրավունքում չկա անկախության հռչակման ոչ մի արգելք»: Մանոյանն ընդգծեց նաեւ, որ եթե Հաագայի դատարանի վճիռը կիրառելու լինենք Ղարաբաղի դեպքում, կստացվի հետեւյալը, որ Ադրբեջանի համաձայնությունն ամենեւին էլ անհրաժեշտ չէ ԼՂ-ի անկախության ճանաչման համար: ՀՅԴ-ական գործչի կարծիքով՝ Հայաստանի դիվանագիտությունը՝ բոլոր մակարդակներով, ինչպես նաեւ քաղաքական-հասարակական կազմակերպությունները ԼՂՀ ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներում պետք է նշեն, որ ԼՂ-ն ոչ միայն միջազգային իրավունքի համաձայն, այլ նաեւ նախկին Խորհրդային Միության օրենքների համաձայն դուրս է եկել Ադրբեջանի կազմից եւ ուրեմն պետք է ճանաչել այդ փաստը: Նա նաեւ հավելեց, որ Կոսովոյի անկախության ճանաչմամբ չպետք է պայմանավորել ԼՂ անկախության ճանաչումը: Հարցին, թե ներկա իրավիճակում Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը կարո՞ղ է նպաստավոր ազդեցություն ունենալ ԼՂ-ի բանակցային գործընթացի վրա, Մանոյանն արձագանքեց. «Հայաստանի կողմից ԼՂ-ի դե-յուրե ճանաչումը ավելի շատ բանակցային գործընթացի իրավիճակից է կախված: Այսինքն, եթե բանակցությունները մտնեն փակուղի, դիցուք՝ Ադրբեջանը հայտարարի, որ չի ընդունում խնդրի կարգավորման սկզբունքները, ապա մենք էլ, որպես իրավիճակին համարժեք քայլերից մեկը, կարող ենք ճանաչել ԼՂ-ն»: