Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահուստային հիմնադրամից 5 մլն մանաթ է հատկացվել՝ մամուլի աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման համար: Նման կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահը:

Ալիեւի պաշտոնական կայքում տեղակայված փաստաթղթում ասվում է.

«Հարուստ պատմական ավանդույթներ ունեցող ադրբեջանական ազգային մամուլը զգալի ավանդ է ունեցել մեր ժողովրդի ազատության ձեռք բերման, հոգեւոր արժեքների պահպանման, ինչպես նաեւ Անկախ Ադրբեջանի ստեղծման եւ զարգացման գործում: Անկախության տարիներին պետությունը միշտ ուշադրություն եւ հոգատարություն է ցուցաբերել մամուլի նկատմամբ, հետեւողական միջոցներ են ձեռնարկվել խոսքի եւ տեղեկատվական ազատության զարգացման, ինչպես նաեւ մամուլի նյութատեխնիկական բազայի արդիականացման ուղղությամբ: Մամուլի աշխատակիցների սոցիալական ապահովության ամրապնդման նպատակով՝ կարգադրում եմ.

1. Ադրբեջանական մամուլի աշխատակիցների բնակարանա-կենցաղային պայմանների բարելավման եւ նրանց համար բնակելի շենքերի կառուցման նպատակով, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պահուստային հիմնադրամից՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահին կից ԶԼՄ-ների զարգացմանը պետական աջակցության հիմնադրամին հատկացնել 5 մլն մանաթ:   

2. Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ հաստատված կարգով ապահովել տվյալ կարգադրության 1 կետում նախատեսված միջոցների ֆինանսավորումը»:

Տվյալ կարգադրությունը ստորագրվել է ազգային մամուլի 135-ամյակի կապակցությամբ, որն Ադրբեջանում նշվել է այս տարվա հուլիսի 22-ին: