Հուլիսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը (ՀՅԴ, «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցություններ) համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«1991թ. դեկտեմբերի 10-ին, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա եւ խստորեն պահպանելով ԽՍՀՄ օրենսդրության պահանջները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով անկախություն հռչակեց:

Անցած շուրջ երկու տասնամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կասեցրել է Ադրբեջանի զինված նախահարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնության եւ լիովին դրսեւորվել որպես ժողովրդավարական պետություն:

Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը ներգրվում է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին:

Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը:

Գտնում ենք, որ միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն` հանուն տարածաշրջանային խաղաղության եւ միջազգային անվտանգության»:

Բացի այդ, համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները` պատգամավորներ, ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն, «Հայրենիք» խմբակցություն), ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն, «Ժողովրդավարություն» խմբակցություն) եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը (ՀՅԴ): Հենց ասուլիսում էլ հրապարակվել է հայտարարության տեքստը: