Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դեմ է երկակի ստանդարտներին. Ժամանակն է սկսել ԼՂՀ ճանաչման գործընթացը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԼՂՀ խորհրդարանի դաշնակցական խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանի ու ԼՂՀ-ի խորհրդարանների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջին իսկ հարմար առիթի դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:
«1994 թվականին կորսվեց Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահը: Հաագայի դատարանի որոշումը նոր հարմար քաղաքական պահ է, որպեսզի Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 22–ի վճռում ասվում է, որ Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելով եւ միակողմանիորեն անկախ հռչակվելով՝ որեւէ միջազգային օրենք չի խախտել: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու Եվրամիության 27 անդամ երկրներից 22-ը:




























