Միջուկային բժշկության կենտրոնի (միջուկային բժշկության գերազանցության կենտրոն) համար նախատեսված շենքն արդեն պատրաստ է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում դիագնոստիկայի սարքավորումների տեղադրման ուղղությամբ: Երկրորդ փուլը ներառում է պրոտոնային թերապիայի համալիրը, երրորդ փուլը՝ 150 տեղանոց հիվանդանոցային համալիրը՝ նախատեսված վիրահատությունների ու հետվիրահատական վերականգնման համար:
«Իր տեսակով դա յուրահատուկ կառույց է լինելու ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում»,-հայտարարել է Խաչատրյանը:
Միջուկային բժշկության գերազանցության կենտրոնի ստեղծման որոշումը կայացվել է դեռեւս 2008-ի փետրվարին: Կենտրոնը հիմնված կլինի Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա, նրա ստեղծման արժեքը կկազմի մոտ 30 մլն եվրո:





























