ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի հեռուստատեսություններին տված հարցազրույցի ընթացքում խոստացավ գնաճը առաջիկա 3 տարիների ընթացքում հասցնել տարեկան 3 տոկոսի։ Վարչապետն ասաց, որ հենց գնաճն է մարդկանց կենսամակարդակը նվազեցնող հիմնական գործոնը։

Այս տարվա առաջին կիսամյակում գնաճի տեմպերը մեղմվել են այն բանից հետո, երբ փետրվարին այն հասավ իր առավելագույն մակարդակին՝ 9,4 տոկոս։ Վարչապետի կարծիքով՝ գնաճի մեղմումը հետեւանք է կառավարության եւ կենտրոնական բանկի զսպողական քայլերի, սակայն նա ոչինչ չասաց այն մասին, որ բարձր գնաճը հենց պայմանավորված էր այդ 2 ինստիտուտների վարած ընդլայնողական քաղաքականությամբ։

Նշենք, որ դեկտեմբերի համեմատությամբ գնաճը հուլիսին կազմում է 4,5 տոկոս, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ 5,8 տոկոս։ հայաստանի կառավարությունը բազմիցս է խոստացել գնաճի բարձր մակարդակ թույլ չտալ, սակայն այդ խոստումները հազվադեպ են կատարվում։