Անկարան հույս ունի, որ շուտափույթ կվերսկսվեն բանակցությունները Իրանի ու վեցյակի երկրների (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ և Գերմանիա), նաև «Վիենայի խմբի» հետ (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, ՄԱԳԱՏԷ):
Սինխուա գործակալության հաղորդմամբ` այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավուդօղլուն հայտարարել է Ստամբուլում բրազիլացի գործընկեր Սելսուի հետ հանդիպումից հետո: Թուրքական կողմը կանի հնարավոր ամեն ինչ բանակցությունների վերսկսման համար. «Մենք դեմ ենք միջուկային զենքին, բայց հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական միջոցներով», - ասել է Դավուդօղլուն: Բրազիլիայի արտգործնախարարն իր հերթին կարևորել է ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում «Թեհրանյան հռչակագրի» կարևորությունը:
Այս տարվա մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան և Բրազիլիան ստորագրեցին իրանական ցածրհարստացված ուրանը Թուրքիայի տարածքում 20 տոկոսանոց խտության ուրանի հետ փոխանակելու մասին համաձայնագիր: Իրանական ուրանը հնարավոր կլինի մեկ ամսում տեղափոխել Թուրքիան, եթե Թեհրանը համապատասխան համաձայնագիր ստորագրի նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:




























