Իրանի հանդեպ պատժամիջոցների մեղմացումը կամ դրանց հանումը կարող է հանգեցնել նրան, որ երկրի ներքին շուկան կարող է դառնալ ավելի քիչ պրոտեկցիոնիստական։ Այս մասին ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝  նշելով, որ շատ թերահավատորեն է վերաբերվում գոնե առաջիկա ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանի բացմանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս պահին Իրանի շուկան շատ պաշտպանված է։ «Այն մեզ համար փակ է։ Իրականում բաց է միայն Իրանի էներգետիկ շուկան։ Իրանում այդ բանակցությունների կապակցությամբ մեծ հույսեր են փայփայում։ Քանի որ Սերգեյ Լավրովն հայտարարել էր, որ Իրան կմեկնի միայն առաջընթացի դեպքում,  իսկ նա ժամանել է Իրան երեկ չէ առաջին օրը, ապա ակնհայտ է, որ ինչ-որ առաջընթաց կա»,- կարծիք է հայտնել Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ Իրանի եւ միջնորդ երկրների «վեցնյակի» միջեւ հանդիպումը կայացել էր մարտի 31-ին Լոզանում։ Ապրիլի 1-ին բանակցությունները վերսկսվել էին։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն ՝ շարունակվող հանդիպումների ընթացքում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով մինչեւ օրվա վերջ փաստաթուղթ կպատրաստվի։