Թուրքիայի Բուրսայի նահանգի Ինեգյոլի շրջան աշխատելու համար եկած քուրդ երիտասարդների եւ տեղացի ազգայնականների միջեւ վիճաբանությունը վերածվել է առճակատման (ֆոտոռեպորտաժ)։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ վիճաբանության առիթը եղել է այն, որ Օրհանիյե թաղամասի երիտասարդները կանգնեցրել են միկրոավտոբուս, որի վարորդը քուրդ է եղել, եւ զգուշացրել այլեւս չմտնել իրենց թաղամաս։ Վիճաբանության ընթացքում քուրդ վարորդը ծեծի է ենթարկվել։ Ծեծված քուրդը հեռացել է, եւ վերադարձել ընկերների հետ, ովքեր մտել են թուրք ազգայնականների սրճարանը, եւ վիճաբանության ժամանակ դանակահարել 5 հոգու։
Ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, որի հետեւանքով լարվածությունը մեծացել է։ Ոստիկանությունը ամբոխին ցրելու համար օդ է կրակել, որի պատճառով հավաքվածները 6 ոստիկանական մեքենա են շրջել, վնասվածքներ հասցրել 20-ից ավել ոստիկանների։
Անկառավարելի ամբոխը սկսել է հարձակվել քրդերի տների եւ խանութների վրա։
Պարզվել է, որ բախումներից առաջ կոտրվել են փողոցներում գտնվող բանկերի եւ այլ հաստատությունների անվտանգության տեսախցիկները։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Ինեգյոլից Բուրսա եւ Էսքիշեհիր տանող մայրուղիները փակվել են քրդերի կողմից, որպեսզի կանխվի թուրք ազգայնականնների ներփափանցումը բախումների վայր։
Ինեգյոլ ժամանած Բուրսայի նահանգապետ Հարփութը նշել է, որ որոշ անձինք փորձել են կողք կողքի ապրող քաղաքացիներին իրար դեմ հանել։ «Նման իրադարձությունները միշտ տխուր արդյունքներ են ունենում։ Այստեղ մի խաղ, մի թակարդ կա»,-նշել է Բուրսայի նահանգապետը։




























