Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիային ձեռնտու է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, լրագրողներին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:
«Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի դեմ երկուսով պայքարել հասկանալի է, որ սահմանի լարվածությունը այդ կոնտեքստում է: Թուրքիայի համար սահմանի այս իրավիճակն այնքանով է ձեռնտու, որ Հայաստանն այլ հարվածներ է ստանում այդ ուղղությամբ և մասամբ զբաղվում դրանով»,-ասաց Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Հայաստանը պետք է զգուշանա Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունից, քանի որ Էրդողանի վարած քաղաքականությունն ավելի նենգ է, քան Գյուլինը.
«Անհրաժեշտ է, որ մեր արտաքին քաղաքականությունն ունենա կոնցեպցիա, քանի որ եթե առաջ Թուքիան Հայաստանի դեմ պատժիչ քաղաքականություն էր վարում` փակելով սահմանը, տնտեսապես հետ գցելով, մեկուսացնելով, ապա Էրդողանի վարած քաղաքականությունն այժմ ավելի նենգ է և այլ նպատակներ հետապնդող: Էրդողանն իր վարած քաղաքականությունով Թուրքիայի իմիջային հարցն է լուծում` փորձելով աշխարհին երևալ ավելի ժողովրդավարական, բայց իրականում Հայաստանի համար ավելի ագրեսիվ ու վտանգավոր քաղաքականություն է վարում»,-ասաց Սաֆարյանը:





























