Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդանիստ տաճարի տարածքում մշտական ցուցադրություն կբացվի՝ նվիրված հայ ժողովրդի մշակույթին, պատմությանը, ազգային տարազին եւ սովորույթներին: Ցուցահանդեսի բացումը նախանշված է ապրիլի 22-ին:

«ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ տաճարում Հայկական թանգարան կբացվի: Ցուցանմուշները կներկայացվեն 5 սրահում: Այցելուները կկարողանան ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, ազգային տարազին եւ սովորույթներին»,- Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի եւ տուրիզմի դեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Մոսկվա» գործակալությունը:

Բացի ցուցանմուշներից, թանգարանում նաեւ ինտերակտիվ մոդել կներկայացվի՝ գլոբուսով էկրան: Այցելուները կկարողանան սեղմել աշխարհի ցանկացած կետի վրա եւ իմանալ, թե այդ վայրում որքան հայ է բնակվում: