Թեհրանի եւ միջազգային միջնորդ երկրների «վեցնյակի» միջեւ ձեռք բերած համաձայնությունը դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում անվտանգության իրավիճակի վրա։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Մենք այս լուծումը միջազգային հարաբերությունների ամրապնդման իրավական տեսանկյունից դիտարկում ենք որպես վառ ապացույց այն բանի, որ քաղաքական ու դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարելի է լուծել ամենաբարդ խնդիրները եւ ելք գտնել ճգնաժամային իրավիճակներից»,- նշվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը անկասկած դրական ազդեցություն է ունենալու Մերձավոր Արեւելքում նաեւ նրա հաշվին, որ Իրանը կարող է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում խնդիրների եւ հակամարտությունների լուծման հարցում։
«Իրանի հետ համաձայնության մեջ նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեւակերպած սկզբունքը, այն է՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի իրականացման իրավունքի ճանաչումը, այդ թվում՝ ուրանի հարստացման հարցում, եթե այդ ծրագիրը դրվի միջազգային հսկողության տակ եւ Իրանի վրայից հանվեն բոլոր գործող պատժամիջոցները»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։





























