Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու ժամանակն է, որովհետեւ Թեհրանը Մերձավոր Արեւելքում իրեն «խուլիգանի» պես չի պահում, այնտեղ խուլիգանների պակաս չկա, որտեղ առաջին տեղում «Իսլամական պետությունն է»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ Իրանի հաստատակամությունն այդ հարցում շատ հասկանալի է: «Ի վերջո, Իրանի միջուկային ծրագիրն իրականացել է: Իրանում ատոմակայան է աշխատում, եւ փաստացի խաղաղ նպատակներով ատոմն արդեն իրողություն է: Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիրը նույնպես կնքվել է, եւ նրանդ իրականացնելու են դա: Մնացածը դետալներ են»,-ասել է Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ իրանական կողմի փաստարկները շատ խելամիտ են: «Այսինքն ոչ թե նրանք փորձում են խորամանկորեն միջուկային զենք ստեղծելու համար հիմք ստանալ, նրանդ դա չեն կարող ստեղծել, քանի որ դրա համար ռեսուրսներ են պետք, որոնք չունեն: Դա նրանց պետք էլ չէ, երբեք Իրանը չի հարվածելու Իսրայելին, դա բացառվում է: Միայն ցնդած հակաիրանական քարոզչության տակ գտնվող իսրայելցիները կարող են մտածել, թե դա տեղի կունենա»,-ասել է Կարինե Գեւորգյանը՝ ընդգծելով, որ իրականում Իրանը սպառնալիք չէ Իսրայելի համար:
Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով Լոզանում «վեցնյակի» հետ բանակցությունների մասնակիցների հայտարարությունների համաձայն, այնտեղ փոխզիջում է գտնվել, թեեւ տարաձայնություններ դեռ մնում են: Ապագա համաձայնագրի վերջնական տեքստի վրա աշխատանքը կշարունակվի, այն կհաստատվի հունիսի վերջին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ապրիլի 2-ին Լոզանում կայացած բանակցությունները պատմական է համարել, հայտարարելով, որ համաձայն է անհապաղ սկսել աշխատանքը համաձայնագրի նախագծի շուրջ:





























