«Ուզում ես խաղաղ ապրել՝ պատրաստ եղիր պատերազմի»՝  հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ արձագանքելով NEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք պատերազմի սկսումը պետք է դիտարկել որպես ԼՂ խնդրի կարգավորման ելքերից մեկը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ԼՂ հարցում շեշտը դնում է քարոզչության վրա՝ իր ժողովրդին ներշնչելով, թե «դուք ապրում եք ուրախ եւ երջանիկ, այնպիսի մի երկրում, որ կարող ենք Հայաստանը երկու-երեք օրում գրավել»: Մինչդեռ, ըստ նրա, արժեր նման ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին այսպիսի հարց տալ. «Որտեղ էիր դու ԼՂ  պատերազմի ժամանակ, դու ի՞նչ գիտես ինչպես կարելի է հաղթել: Այն ժամանակ դու հասուն տարիքի տղամարդ էիր, եւ կարող էիր ցույց տալ պատերազմի դաշտում, որ ղեկավար ես եւ այդ հայտարարությունն անելու իրավունք ունես: Չէ, դու փախել էիր, արտասահմանում էիր: Հիմա դու ասում ես, թե հաղթելու ես, ի՞նչ գիտես, եթե չգիտես, թե ինչ է պատերազմը: Իսկ Հայաստանի բանակի ամբողջ սպայական կազմը եւ նախագահը անցել է պատերազմի ողջ ճանապարհը, զինվորից մինչեւ գերագույն-գլխավոր հրամանատար: Նրանք հաղթանակած բանակի հրամանատարներ են»:

Նիկոյանի խոսքով՝ պատերազմի վերսկսման դեպքում ԼՂ ժողովուրդը կռվելու է իր ընտանիքի ու արժանապատվության համար, իսկ ադրբեջանական բանակը կռվելու է «իր պատմաբանների կողմից ստեղծված միֆի կամ իր երկրի քաղաքական ղեկավարների կողմից իրականացված քարոզչական ազդեցության տակ: Սրանք տարբեր շարժիչ մեխանիզմներ են իրենց տարբեր արդյունքներով»,-նշեց Նիկոյանը: