Ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնությունը Հայաստանի համար մեծ կարեւորություն ունի։ Այդ երկրի հետ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ՝ Հայաստանը հնարավորություն կստանա համագործակցել Իրանի հետ առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 2-ը աշխարհաքաղաքական իմաստով կարեւոր օր դարձավ ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության, այլ ողջ տարածաշրջանի համար։ «Ըստ էության մոտ ապագայում ենք մարող ենք ականատես լինել բոլորովին այլ գործընթացների, որոնցում Իրանը կարեւոր դեր է խաղալու։ Պատժամիջոցները հանելուց հետո Իրանը կփորձի ճանապարհային քարտեզ գծել, որով նրա էներգետիկ ռեսուրսները պետք է արտահանվեն Եվրոպա։ Եվ այդ տեսակետից Հայաստանը, լինելով նրա ճանապարհին, կարող է աննախադեպ դեր խաղալ»,- նշեց իրանագետը։

Անդրադառնալով մյուս հավանական թեկնածու երկրներին՝ Յարալյանը նշեց, որ Թուրքիան վերջին ժամանակներս փորձում էր համոզել Իրանին, որ իր երկիրը էներգետիկ պաշարների արտահանման ամենահարմար տարանցիկ ճանապարհն է։ «Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրանական կողմը կանգ չի առել Թուրքիայի թեկնածության վրա, ինչի վառ ապացույցը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հակաիրանական կոշտ հայտարարություններն էին։ Թուրքական կողմը հասկանում է, որ մոտ ժամանակներս Իրանի միջուկային հարցի շուրջ կարող է փաստաթուղթ ստորագրվել, եւ դրանով տարածաշրջանում Իրանի դերը կմեծանա։ Թուրքիան եւ Պարսից ծոցի երկրները փորձում են միջազգային երկրների միջնորդ «վեցնյակին» համոզել, որ իրենք մտադիր չեն համակերպվել տարածաշրջանում Իրանի նոր դերի հետ»,- հայտարարեց Յարալյանը՝ հավելելով, որ  ինքը հնարավոր չի համարում նաեւ Ադրբեջանի տարածքով իրանական պաշարները արտահանելու տարբերակը։ «Ադրբեջանը ավանդաբար Թուրքիայի քաղաքական ճնշման տակ է եղել եւ հետեւաբար առաջին հերթին հենց Թուրքիան կխոչընդոտի դրան։ Ադրբեջանի դեպքում նրա շահերը կանտեսվեն, եւ այդ երկիրը խաղից դուրս կմնա»,- հավելեց Ռուդիկ Յարալյանը։

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով Լոզանում «վեցնյակի» հետ բանակցությունների մասնակիցների հայտարարությունների համաձայն, այնտեղ փոխզիջում է գտնվել, թեեւ տարաձայնություններ դեռ մնում են: Ապագա համաձայնագրի վերջնական տեքստի վրա աշխատանքը կշարունակվի, այն կհաստատվի հունիսի վերջին:

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ապրիլի 2-ին Լոզանում կայացած բանակցությունները պատմական է համարել, հայտարարելով, որ համաձայն է անհապաղ սկսել աշխատանքը համաձայնագրի նախագծի շուրջ: