Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնագրերը ցույց տվեցին, որ Արեւմտյան երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են տարածաշրջանին գործընթացներում Իրանի նոր դերին։ Այս մասին ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ ձեռք բերած համաձայնության շնորհիվ պարզ է դարձել, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության առկայության պարագայում Իրանի միջուկային ծրագիրը դարձավ այն կետը, որի շուրջ այդ 2 ուժային կենտրոնները փոխհամաձայնության եկան։ «Դա ապացուցում է, որ այդ երկրները պատրաստ են տարածաշրջանային գործընթացներում Իրանի նոր դերին։ Նույն այդ բանը չի կարելի ասել որոշ մերձավորարեւելյան խաղացողների, այդ թվում՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրների մասին»,- նշեց Ռուդիկ Յարալյանը։
Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով Լոզանում «վեցնյակի» հետ բանակցությունների մասնակիցների հայտարարությունների համաձայն, այնտեղ փոխզիջում է գտնվել, թեեւ տարաձայնություններ դեռ մնում են: Ապագա համաձայնագրի վերջնական տեքստի վրա աշխատանքը կշարունակվի, այն կհաստատվի հունիսի վերջին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ապրիլի 2-ին Լոզանում կայացած բանակցությունները պատմական է համարել, հայտարարելով, որ համաձայն է անհապաղ սկսել աշխատանքը համաձայնագրի նախագծի շուրջ:





























