ԱՄՆ-ի եւ Իսրայելի նպատակը Իրանի միջուկային ծրագրի վրա ազդելն է։ Եթե ԱՄՆ-ն փորձում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, ապա Իսրայելը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ազդել բանակցությունների վրա՝ հարկադրելով Իրանին զիջումների գնալ։ Այս մասին ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը ամենանյարդային արձագանքը տվեց Իսրայելը։ «Ինչու՞ է կարեւոր Իսրայելի արձագանքը։ Քանի որ այս գործընթացում ԱՄՆ-ն ու Իսրայելը կարծես թե նույն նպատակն են հետապնդում, սակայն գործում են տարբեր ուղղություններով։ Ապրիլի 3-ին կայացավ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը, իսկ նման նիստեր հրավիրվում են բացառապես երկրի անվտանգության լուրջ սպառնալիքի դեպքում։ Իսրայելը հիմնավորում է իր դիրքորոշումը նրանով, որ վատ համաձայնության այլընտրանքը պատերազմը չէ, այլ կարելի է նախկին քաղաքականությամբ, ճնշումների միջոցով Իրանին ստիպել զիջումների գնալ»,- պարզաբանեց Արմեն Պետրոսյանը։
Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով Լոզանում «վեցնյակի» հետ բանակցությունների մասնակիցների հայտարարությունների համաձայն, այնտեղ փոխզիջում է գտնվել, թեեւ տարաձայնություններ դեռ մնում են: Ապագա համաձայնագրի վերջնական տեքստի վրա աշխատանքը կշարունակվի, այն կհաստատվի հունիսի վերջին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ապրիլի 2-ին Լոզանում կայացած բանակցությունները պատմական է համարել, հայտարարելով, որ համաձայն է անհապաղ սկսել աշխատանքը համաձայնագրի նախագծի շուրջ:





























