Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով կժամանի Թեհրան։ Այս մասին ասված է թուրք-իրանական համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է ԻՌՆԱ գործակալությունը։

Ըստ այդմ, Էրդողանը Թեհրան կժամանի ապրիլի 7-ին, որի ընթացքում տեղի կունենան երկու երկրների նախագահների բանակցությունները։ Էրդողանը կհանդիպի նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խանեմեիի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի նախագահի՝ Իրան այցելության մասին տեղեկությունը հայտվել էր դեռ մարտի վերջին, որը բողոքի ալիք էր բարձրացրել Իրանում։ Դա կապված է այն բանի հետ, որ Թուրքիայի նախագահը մարտի 26-ին ելույթ ունենալով Անկարայում, հայտարարել է, որ «Եմենում տեղի ունեցողը լցնում է իրենց համբերության բաժակը»։ «Իրանը փորձում է մեծացնել իր գերիշխանությունը տարածաշրջանում, ինչն անթույլատրելի է։ Իրանը պետք է վերանայի իր հայացքները եւ դուրս բերի Իրաքում, Սիրիայում եւ Եմենում եղած իր ստորաբաժանումները»,-ասել էր Էրդողանը։

Իրանի խորհրդարանի մի քանի պատգմավորներ դեմ են հանդես եկել այդ այցելությանը սպառնալով, որ խորհրդարանում հատուկ որոշում կընդունեն, որով կպարտավորեցնեն Իրանի ԱԳՆ-ին միջոցներ ձեռնարկել այդ այցը չեղյալ հայտարարելու համար։