Լոզանում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերած համաձայնությունը լավագույնս թույլ կտա կանխել Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հնարավորությունը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման։ Ինչպես New York Times-ին հայտարարել է ամերիկացի առաջնորդը, համաձայնությունը միակ հնարավորությունն էր  տարածաշրջանում միջուկային զենքի տարածումը կանխելու համար։ Ընդ որում Օբաման նշել է, որ Իրանի վրայից պատժամիջոցները կհանվեն միայն այն ժամանակ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

«Դեռ շատ աշխատանք կա տանելու։ Նախնական բազային համաձայնությունը Իրանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ֆորդոյի միջուկային համալիրի եւ ցենտրիֆուգների հարցում։ Դրանից հետո ՄԱԿ-ը կկասեցնի պատժամիջոցները»,- մեջբերում է Օբամայի հայտարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ «վեցնյակն» ու Իրանը ապրիլի 2-ին համաձայնության են եկել այն մասին, որ Իրանը պետք է սահմանափակի ուրանի հարստացման իր հնարավորությունների 2/3-ը առաջիկա 10 տարիների ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր ծրագրերը 25 տարի ժամկետով դնել միջազգային հսկողության տակ։

Պայմանագրի նախապատրաստման գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 30-ը: