Արեւմտյան Հայաստանում գտնվող 180 հազար նյութական մշակութային արժեքներից  96-97 տոկոսը ոչնչացվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

«Մեր ժողովրդի պատմության մեջ մեզ հասած ժառանգության ամենամեծ հատվածը նյութական ժառանգությունն է՝ մեր պատմամշակութային հուշարձանները, սակայն  առ այսօր հայ ժողովուրդը չունի գոնե մի հասարակ ցանկագրություն մեր մշակութային արժեքների վերաբերյալ: Գիտական որեւէ հաստատություն այդ ուսումնասիրություններով չի զբաղվում, չկան նաեւ անհատ ուսումնասիրողներ այդ թեմայով»,-ասաց Արգամ Այվազյանը:

Նրա խոսքով՝ մեր հարեւան պետություններում գտնվող մշակութային հուշարձանների նույնպես ավերվում են:

«Վերջին շրջանում՝ 1998-2006 թթ., Ադրբեջանի իշխանությունների կողմց մշակութային եղեռն իրականցացվեց հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ, շուրջ 27 հազար մշակութային հուշարձաններ ավերվեցին եւ ոչնչացվեցին: Վրաստանում նույնպես մշակութային ցեղասպանություն է իրականացվում՝ հայկական եկեղեցիներից հայկական արձանագրությունները հանվում են եւ վրացական արձանագրություններ են դրվում»,-ասաց Արգամ Այվազյանը:

Հայագետի խոսքով՝ մեր հարեւաններից միակ երկիրը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ հայկական հուշարձանները ոչ միայն պահպանվում են, այլ նաեւ  վերականգնվում:

Արգամ Այվազյանի խոսքով՝ Հայաստանում նույնպես պատմական հուշարձաններ են ավերվում են նաեւ այսօր:

«Մեր այսօրվա հուշարձանապահպան կազմակերպությունները այս վիճակով ի զորու չեն Հայատանի եւ առավել եւս դրսի հուշարձանների պահպանությունն իրականացնելու համար»,-նշեց հայագետը: