Արդեն մեկ-մեկուկես տարի է՝ անցել է ժամանակը, երբ դյուրակիր համակարգիչները մրցակցում էին պլանշետների հետ: Երեւանում անցկացված ռուսական ՏՏ ձեռնարկությունների արտագնա սեմինարի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Acer» կորպորացիայի՝ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Թուրքիայի գծով փոխնախագահ Գրիգորի Նիզովսկին:

Նրա կարծիքով, առաջիկա տարիներին այս սարքերի նշանակությունը տարբեր կլինի. դյուրակիր համակարգիչ կգնեն նրանք, ովքեր բովանդակություն են ստեղխում, իսկ պլանշետներ նրանք, ովքեր այն օգտագործում են: Հետեւաբար՝ համակարգիչ գնողներն ավելի մեծ նշանակություն կդարձնեն միջին եւ բարձր տեխնիկական հագեցվածությամբ մոդելներին, որոնք գնային ավելի բարձր կատեգորիայում են:

Գնային առումով ընտրության վրա կազդի նաեւ այն, որ նոութբուքերն ավելի եւ ավելի շատ են իմիջի առարկա դառնում, որն ընդգծում է աշխատանքի հանդեպ վերաբերմունքը: Այդ պատճառով, ըստ Նիզովսկիի, համակարգիչների շուկան կավելացնի ոչ միայն վաճառքի ծավալները, այլեւ որակական հատկանիշները:

Ամեն դեպքում, պլանշետ օգտագործողները նույնպես կսկսեն հեռանալ ամենաէժան մոդելներից: «Բոլորի առաջնային ձգտումն էր երեխայի համար ոչ շատ թանկ պլանշետ գնել: Բայց որքա՞ն ենք մենք խնայում այդ դեպքում: Էժան պլանշետը կարող է փչանալ, դրանում կարող է թունավոր պլաստմասից տարրեր լինեն եւ այլն: Ընդհանուր առմամբ, գնորդներն արդեն սկսել են մտածել այդ մասին»,- հավելեց «Acer»-ի փոխնախագահը:

Հավելենք, որ Երեւանում անցկացված սեմինարի կազմակերպիչը Ռուսաստանի Համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիան էր: Ռուսաստանցի գործընկերներին այստեղ աջակցում էր Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիանի ձեռնարկությունների միությունը (UITE):