Վերջին 1 տարվա ընթացքում ազատազրկվածների թիվն աճել է ավելի քան 20 տոկոսով, ինչի հետեւանքով  Հայաստանի քրեակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցված են։ Այս մասին ասված է 14  հասարակական կազմակերպությունների կողմից արված հայտարարության մեջ: Ըստ հայտարարության հեղինակների՝ մասնավորապես, քրեակատարողական համակարգում 2010թ.-ի հուլիսի 1 դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում էին 4850 մարդ։ Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 հոգու համար նախատեսված խցում ապրում են երկու անգամ ավելի՝ հաճախ նաեւ մինչեւ 20 հոգի։ Մահճակալների քանակը չի բավարարում, որի պատճառով ազատազրկվածները քնում են հերթափոխով՝ մի մասը՝ գիշերը, մյուսը՝ ցերեկը։ Յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաեւ միջազգային չափանիշների՝ պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։

«Գերբնակեցումը առաջացնում է առողջա-հոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն եւ կոնֆլիկներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաեւ խոշտանգում»,-նշված է հայտարարության մեջ։

Գերբնակեցման հիմքում ընկած են հետեւյալ պատճառները՝ հանցագործությունների թվի աճը, դատարանների կողմից «կալանավորում» խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։

Մարդու իրավունքների զանգվածային խախտումները ՔԿՀ-ներում դադարեցնելու նպատակով՝ հայտարարության հեղինակներն առաջարկում են համաներում իրականացնել, ինչպես նաեւ կոչ են անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը՝ «Բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, ինչպես նաեւ ընդունել համաներման որոշում»:

Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են մասնավորապես՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն», «Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն», «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»,  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ները: