Իրանը սեպտեմբերին հանդիպումներ կունենա աշխարհի խոշոր նավթարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչների հետ երկրում նավթահանքերի շահագործման պայմանագրերի նոր ձեւաչափը քննարկելու համար, գրում է PressTV-ն։
«Այդ ոլորտի բոլոր համաշխարհային առաջնորդներն արդեն տեղյակ են նոր ձեւաչափի մասին, որը քննարկվում էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Նրանք սպասում են, որ պատժամիջոցները հնարավորինս շուտ հանվեն, որպեսզի վերադառնան Իրանի էներգետիկ սեկտորի նախագծերին»,- հայտարարել է Իրանի նավթի նախարարությանը կից, Արեւմտյան նավթարդյունաբերող երկրների հետ պայմանագրերի վերանայման հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեհդի Հոսեյնին։
Հիշեցնենք, որ բոլոր խոշոր նավթարդյունահանող կազմակերպությունները, այդ թվում՝ Shell-ը, Statoil-ը եւ Total-ը, դադարեցրել էին իրենց գործունեությունը Իրանում 2010թ., ինչի հետեւանքով նավթի արտահանման ծավալները 3.6 մլն բարելից նվազել էին՝ կազմելով օրական 2.8 մլն բարել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Հիմա՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ ձեռք բերած համաձայնագրից հետո, շուկայի խաղացողները սպասում են նավթային հսկաների վերադարձին Իրան, եւ համաշխարհային շուկա իրանական նավթի արտահանմանը։





























