Ադրբեջանում խորհրդարանական ընտրապայքարն սկսված է: Անշուշտ` դեռ ոչ պաշտոնապես եւ, բնականաբար, ամենաշրջանառվող քարոզչական թեմաները երկուսն են` ընդդիմության դրսից վարձահրավիրվածությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի «շուտափույթ արդարացի կարգավորումը»: Կատարված է նաեւ դերաբաժանում. իշխող կուսակցության «մեյխանշչիկներից» մեկն Իսա Ղամբար- Ալի Քերիմլի հնարավոր տանդեմն է քարկոծում, մյուսը` «վստահեցնում, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվել է»:
Այս թեմայով հերթական «մեյխանան» մատուցվել է Անար Մամեդխանովի կատարմամբ. «Կատարյալ վստահությամբ կասեմ, որ շատ շուտով մենք կլինենք Խանքենդիում, դա կասկածից դուրս է: Ադրբեջանական բանակը կազատագրի հայերի կողմից օկուպացված բոլոր հողերը, որքան էլ նրանց պաշտպանեն տարբեր արտաքին ուժեր»,- այսպես է «երգում» խորհրդարանի պատգամավորը:
Անար Մամեդխանովն, իհարկե, առաջինը չէ, որ նման հույսեր է փայփայում: Այդպես էին «վստահեցնում» եւ Մութալիբովը, եւ Էլչիբեյը, եւ «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը: Վերջինս նույնիսկ օր ծերության «Կալաշնիկով» էր ձեռքն առել եւ Ֆիզուլիի դիրքեր հասել, որպեսզի «անձնական օրինակով էլ ավելի ոգեւորի քաջարի ասկերներին»: Ոչինչ չստացվեց: Չօգնեցին անգամ աֆղան վարձկանները:
Եւ «համազգային առաջնորդի ռազմական քաջագործություններից» մնաց այն, որ ադրբեջանական ժողովրդական ֆոլկլորը «մեյխանա» ստեղծեց.
- Խաբար տարեք մեր էն քավթառ Հեյդարին,
Որ հայերը Գյանջա հասան, ախ, Գյանջա հասան…
Մամեդխանովը ցանկության դեպքում Բաքվի արվարձաններից այսօր էլ կարող է լսել այդ դառնախեղդ «մեյխանան»: Իսկ եթե Ադրբեջանի հատուկ ծառայությունները վերացրել են բոլոր ձայնագրությունները կամ կատարողներին քշել Գոբուստանի համակենտրոնացման ճամբար, ոչինչ, թող մի փոքր սպասի. եթե ադրբեջանական բանակն իրոք մտադիր է հարձակվել, ապա հաջորդ «մեյխանան» հաստատ հորինվելու է Իլհամ Ալիեւի «մարտական սխրանքների» հիման վրա, եւ Գյանջան ու մերձճակատային գծի մյուս քաղաքներն են հիշվելու այնպես, ինչպես «համազգային առաջնորդին» նվիրված նախորդում խոսվում է Աղդամը, Լաչինը եւ մյուսները «Հեյդարին ղուրբան տալու» մասին սեւ հումորով:
Վահրամ Աթանեսյան




























