Մեծ Հայրենական, Աֆղանական եւ Արցախյան պատերազմների մոտ 100 վետերաններ հուլիսի 26-ին Գյումրիում ծանոթացել են Պատվի Բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը: Ըստ նրա, հանդիպման ժամանակ կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը վետերաններին է ներկայացրել Պատվի Բլուրի պատմությունը, ինչպես նաեւ նվիրել կազմակերպության կողմից պատրաստված «Պատվի Բլրի վերածնունդը» ալբոմներ:
Վետերաններն, իրենց հերթին, բարձր են գնահատեցին կատարված աշխատանքները: Հայրենական Մեծ պատերազմի վետերանների անունից ելույթ ունեցող Ռոբերտ Մելքոնյանը շեշտել է «Պատվի գործ» ռուս-հայկական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանի անձնական ավանդը աշխատանքները բարեխղճորեն իրականացնելու հարցում: Անդրանիկ Նիկողոսյանն իր խոսքում ասել է, որ Պատվի Բլուրը մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմության մարմնացումն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գյումրի քաղաքում վերականգնվում է «Պատվի բլուր» կոչվող` 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:
ՀՀ Շիրակի մարզպետի եւ ՌԴ Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ եւ ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:
Պատվո Բլրի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին: Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի կեսերին:




























