Վրաստանի պատվիրակությունը հուլիսի 27-ին Ժնեւում կմասնակցի վրաց-ռուսական բանակցությունների հերթական փուլին: Վրացական պատվիրակությունը կգլխավորի այդ երկրի ԱԳ առաջին փոխնախարար Գեորգի Բոկերիան:

Ժնեւյան բանակցությունների համանախագահները (ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից ու ԵՄ-ից) կոչ են անում  կողմերին վերսկսել հանդիպումները` հարավօսական հակամարտության գոտում միջադեպերը կանխելու համար: Նման հանդիպումներ չեն անցկացվում 2009-ի հոկտեմբերից:

Ինչպես հայտարարել է Բոկերիան, վրացական պատվիրակությունը «բեկում չի սպասում» այդ հանդիպումից: Նրա խոսքով, վրացական կողմի հոռետեսությունը պայմանավորված է Մոսկվայի քաղաքականությամբ, որն ուղղված է «բանակցությունների ձախողմանը»:

Մոսկվան, Սուխումին ու Ցխինվալը հանդիպումից առաջ հայտարարել են, որ Վրաստանից պահանջելու են պատերազմը չվերսկսելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Ընդ որում, նրանք պահանջելու են, որ դա ստորագրվի մի կողմից Թբիլիսիի, մյուս կողմից Սուխումիի ու Ցխինվալի միջեւ: Վրացական կողմը պատրաստ է նման համաձայնագիր ստորագրել, բայց միայն Մոսկվայի հետ, որին պատասխանատու է համարում 2008-ին ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ:

Ժնեւյան բանակցությունների համանախագահներն են Պիեռ Մորելը (ԵՄ), Անտի Տուրունեն (ՄԱԿ) եւ Բուլատ Նուրգալիեւը (ԵԱՀԿ):