Beeline-ը «Երեւան Փրոդաքշնս» ընկերության մեդիա հարթակ հանդիսացող ImYerevan.com կայքի հետ համատեղ ամփոփեցին «Գյումրի 2.0» ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում Գյումրու չորս բնակելի շենքերի պատեր նկարազարդվել են քաղաքի վերածնունդը խորհրդանշող պատկերներով:
«Beeline-ը շարունակում է մարզերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը` կարեւորելով հատկապես այն բնակավայրերը, որոնք առավելապես ունեն մեր ուշադրության կարիքը: Վստահ եմ` այս գունեղ պատկերները հաճելի անակնկալ դարձան ոչ միայն ծրագրում ընդգրկված շենքերի, այլեւ Գյումրու բոլոր բնակիչների համար` վառ գույներ հաղորդելով քաղաքին եւ դարձնելով կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հավատացած եմ, որ բնակելի շենքերի պատերին նկարազարդված այս գունեղ պատկերները կդառնան Գյումրու տեսարժան վայրերից, զբոսաշրջիկները դրանց մոտ կլուսանկարվեն իրենց ընկերների եւ հարազատների հետ, իսկ տեղացիները միմյանց հետ հանդիպում կնշանակեն, օրինակ, զոլավոր անձրեւանոցի ներքո», - նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան։
«Մշտապես կարեւորելով քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերը` ImYerevan.com կայքը մշակել եւ իրականացրել է բազմաթիվ նախագծեր Երեւանում եւ մարզերում: Այս անգամ որոշեցինք այցելել մեր մշակութային մայրաքաղաք Գյումրի` փողոցի արվեստի միջոցով փորձելով նոր շունչ տալ քաղաքին: Կատարված աշխատանքները մարմնավորում են Գյումրու վերածնունդը, նոր, լուսավոր եւ գունեղ ապագան: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտում Beeline-ին եւ ծրագրի մյուս գործընկերներին, առանց որոնց հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս ծրագիրը», - նշեց ImYerevan.com կայքի եւ «Գյումրի 2.0» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ ImYerevan.com կայքի կողմից իրականացվող քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կունենան` ներառելով Հայաստանի մի շարք այլ մարզերի քաղաքներ:
Ծրագրի իրականացմանն աջակցությունն է ցուցաբերել նաեւ «Սարդ» խանութների ցանցը:




























