Հայաստանում ՏՏ ոլորտի արտոնությունները լավ են, սակայն հարկավոր են մարդիկ, որոնք կօգտվեն դրանցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլեւը:
Ապրիլի սկզբին Երեւանում կայացած Ասոցիացիայի արտագնա սեմինարի ժամանակ, ըստ նրա, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու փոխվարչապետը պատմեցին սկսնակ ՏՏ ձեռնարկությունների հարկային արտոնությունների մասին: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր ծրագրավորողներ կան, բայց դրանով հարցը չի լուծվում:
«Զրույցներից մեկում ես Սարատովի պետական համալսարանի օրինակը բերեցի: Այնտեղի ծրագրավորողները, ինչպես եւ հայկական, հաղթում են օլիմպիադաներում: Ես Սարատովում հարցրեցի. ինձ ցույց տվեք այստեղ ստեղծված միջազգային մակարդակի որեւէ ընկերություն: Ասացին՝ միայն մեկ համատեղ ընկերություն կա: Իսկ ես պատասխանեցի. դա նշանակում է, որ ձեր մասնագետները լավն են, բայց նրանց պատրաստում են Մոսկվայի կամ Արեւմուտքի համար»,- ասաց Կոմլեւը:
Մասնագետը նշեց, որ Երեւանում կայացած սեմինարի ժամանակ տեղական մասնագետներից ոչ ոք համագործակցության առաջարկով եւ ծրագրով չմոտեցավ իրեն: «Այլ օրինակ՝ Նովոսիբիրսկ: Հայտնի գիտական կենտրոն, պետական համալսարանով, ակադեմիական ավանով: Բավական է միայն հայտնվեմ այնտեղ, անմիջապես տասնյակ երիտասարդ թիմեր են մոտենում: Վառվող աչքերով սկսում են բացատրել. մեզ միայն մեկ սենյակ եւ հինգ համակարգիչ է հարկավոր, եւ կես տարի անց այս եւ այս կունենանք: Ահա եւ բիզնես-պլան: Ինչպես է Հայաստանում՝ չգիտեմ: Բայց ներդրողների համար, այդ թվում՝ ռուսական, շատ կարեւոր է իմանալ ոչ միայն օրենքներն ու արտոնությունները, այլեւ դրանց հասցեատերերին, տեղում տիրող իրավիճակը»,- ամփոփեց Նիկոլայ Կոմլեւը:





























