Թեհրանը «վեցնյակի» հետ ամփոփիչ համաձայնագիրը չի ստորագրի, եթե Իրանի վրայից ավտոմատ կերպով չհանվեն բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
«Մենք ոչ մի միջուկային համաձայնագիր չենք ստորագրի, եթե մեր վրայից նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք փոխշահավետ գործարք կնքել միջուկային հարցով բանակցություններ վարող բոլոր անդամների հետ»,- հայտարարել է Ռոհանին իրանական պետական հեռուստաընկերության եթերում։
Թեհրանի միջուկային զինանոցի ոչ ռազմական օգտագործման երաշխիքների դիմաց Իրանից միջազգային պատժամիջոցները հանելու հարցը մնում է ամենաբարդը։ Թեհրանը համաձայնության դիմաց պահանջում է փաթեթով չեղյալ հայտարարել բոլոր առեւտրատնտեսական եւ ֆինանսական սահմանափակումները, իսկ ԱՄՆ-ը ցանկանում է սկզբում պայմանագիր ստորագրել, իսկ հետո Իրանում անցկացվող ստուգումների հիման վրա քննարկել պատժամիջոցները աստիճանաբար հանելու հարցը, ինչը, ըստ փորձագետների, կարող է ձգձգվել անորոշ ժամկետով, գրում է RG-ն։
Հիշեցնենք, որ «վեցնյակն» ու Իրանը ապրիլի 2-ին համաձայնության են եկել այն մասին, որ Իրանը պետք է սահմանափակի ուրանի հարստացման իր հնարավորությունների 2/3-ը առաջիկա 10 տարիների ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր ծրագրերը 25 տարի ժամկետով դնել միջազգային հսկողության տակ։
Պայմանագրի նախապատրաստման գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 30-ը:





























