Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամն այսօր՝ ապրիլի 9-ին, հայտարարեցին «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է թվային տեխնոլոգիաների միջոցով լուծել կրթական, արտագաղթի եւ սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:
Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում. գետաշենցի երիտասարդները դպրոցական տարիքից արդեն կարող են ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին, սովորել մրցունակ ապրանք ունենալ, ինչպես նաեւ ճիշտ իրացնելու միջոցով գումար աշխատել:
Ինչպես իր խոսքում ընդգծեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, կարեւոր է, որ ծրագիրն իրանականացվում է հենց մարզերում:
«Beeline-ը Հայաստանում այսօր պաշտոնապես միանում է Make your Mark ծրագրին եւ «Ագրո դպրոց»-ը առաջին միջոցառումն է այս ծրագրի շրջանակում: Կարեւոր է, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, որոնք այսօր իսկ կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ եւ վաղվա օրավ կերտողներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անդրեյ Պյատախինը:
Make your Mark նախաձեռնությունը հանդիսանում է «ՎիմպելԿոմ» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը եւ նպատակ ունի «օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»: Ծրագիրն իրականացվում է աշխարհի 14 երկրներում:
«Make your Mark-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան»,- նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հազորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան:
Նշենք, որ Make your Mark նախաձեռնության նպատակն է երիտասարդներին տրամադրել տեխնոլոգիական գործիքներ, աջակցություն, ուղղորդում, բազային կրթության հնարավորություն եւ օգնել նրանց հաղթահարել այս մարտահրավերներն ու ստեղծել իրենց ապագան:





























