Պարբերականը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ–ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի հետ:
ՆԵրկայացնում ենք մի հատված:
-Կոսովոյի ճանաչումը նկատի ունենալով, եթե սկսում ենք ԼՂՀ ճանաչման գործընթացը, ի՞նչ քայլեր պիտի անենք, եւ ի՞նչ է դա մեզ տալու:
-ԼՂՀ ճանաչումը ՀՀ-ի կողմից, իմ կարծիքով, դեռ վաղ է: Ճանաչումը պետք է նպատակահարմարությամբ պայմանավորվի: Մենք բանակցում ենք ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի ձեւաչափով, եթե այսօր միակողմանիորեն ճանաչենք ԼՂՀ-ն, ինչի՞ շուրջ ենք բանակցում: Բանակցությունները կարող են ձախողվել: ՄԽ վերջին առաջարկությունները, արտգործնախարարների հայտարարությունները Ալմաթիում պարզորոշ ցույց են տալիս, որ Հայաստանի եւ ԵԱՀԿ դիրքորոշումները նույնական են: 16 տարում Հայաստանը նման հաջող փաստաթուղթ, որպես բանակցությունների հիմք, չի ունեցել: Հիմա Ադրբեջանը պիտի ասի՝ այո կամ ոչ: Եթե ասի՝ այո, նշանակում է՝ ընդունում է, որ այդ հիմքերը քննարկման նյութ են, ինչը հակասում է նրանց ազգային տեսլականին, որ Ղարաբաղը պիտի հետ բերեն ու լավագույն դեպքում ինքնավարություն տան իրենց կազմում, փախստականները պիտի վերադառնան, հայկական զորքերը պիտի հեռանան բոլոր տարածքներից: Եթե ասի՝ոչ, ինչպե՞ս է իր «ոչ»-ը հիմնավորելու: Մեր քաղաքականությունն այսօր մեզ չի հակադրում աշխարհի ուժային կենտրոններին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին: Եթե այս կուրսը շարունակվի, լեզվով բացատրելի, գլխով մտածելի բոլոր պրոբլեմների պատասխաններն Ադրբեջանից պիտի ակնկալվեն:




























