Այս տարի Սեւանա լճում գրանցվել է ջրահեղձման 6, հանրապետության մնացած մարզերում՝ 9 դեպքեր. փրկվածների թիվը 16-ն է։ Հուլիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տվյալներ ներկայացրեց ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը։

Նրա խոսքով, Սեւանա լճում խեղդվածներից մեկը ձկնորս, մնացած հինգը հանգստացողներ են եղել։ «Ընդ որում, ջրահեղձման դեպքերը, պայմանավորված շոգ եղանակներով, տեղի են ունեցել հիմնականում հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում»,- նշեց Սամվել Մկրտչյանը՝ ավելացնելով նաեւ, որ դժբախտ պատահարներն առավելապես գրանցվում են իրենց կողմից չվերահսկվող տարածքներում՝ հիմնականում երեկոյան ժամերին։

Անդրադառնալով անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ջրահեղձման դեպքերին՝ Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատարը տեղեկացրեց, որ նախորդ տարի հանրապետության ողջ տարածքում գրանցվել է ջրահեղձման 9 դեպք, որոնցից 5-ը՝ Սեւանա լճում, մնացած 4-ը՝ տարբեր մարզերում։ «Անցած տարվա ընթացքում մեր ջոկատի տղաների ջանքերով կարողացել ենք փրկել 23 հոգու»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ Սեւանում այժմ աշխատում է ջրափրկարարական 19 կետ՝ իր 37 աշխատակիցներով։ «Ինչ վերաբերում է մասնավոր լողափերին, ապա դրանք վերահսկվում են անհատ ձեռներեցների կողմից։ Նրանցիցի յուրաքանչյուրը պետք է նվազագույնը երկու ջրասուզակ ունենա, որոնք կապահովեն հանգստացողների անվտանգությունը»,- ընդգծեց ոլորտի պատասխանատուն։

Մկրտչյանի հավաստմամբ, վիճակն անվերահսկելի է հատկապես մարզերում։ «Չնայած որոշ  մեծ ջրամբարներ վերահսկվում են մեր կողմից, սակայն փրկարարների թիվը այդ հատվածներում բավարար չէ։ Չկա նաեւ անհրաժեշտ տեխնիկա»,- պարզաբանեց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատը բոլորովին վերջերս վերազինվել է փրկարարական հատուկ նավակներով, ջրային տեխնիկայով, կապի միջոցներով եւ ջրասուզակի հանդերձանքներով։ «Մեր ունեցած տեխնիկան, սակայն, հաճախ չի բավականացնում։ Չեն բավականացնում նաեւ մարդկային ռեսուրսները»,- նշեց Սամվել Մկրտչյանը, ով լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ջրափրկարարների աշխատավարձի թեմային։ Նրա տեղեկացմամբ, ջրասուզակներն ստանում են 60-70 հազար դրամ, սակայն հանգստի սեզոնին ստիպված են լինում աշխատել նաեւ արտաժամյա պայմաններով. «Նրանց աշխատանքային օրը պետք է որ սկսվի 09։00-ին եւ ավարտվի 18։00-ին, սակայն այժմ ջրասուզակներն աշխատում են մինչեւ կեսգիշեր»,- նկատեց Սամվել Մկրտչյանը։

Ամփոփելով՝ ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատը օգոստոսին աշխատելու է «Ոչ մի զոհ ջրին» նշանաբանով։ Նա միաժամանակ հանգստացողներին խորհուրդ տվեց հարբած վիճակում ջուրը չմտնել եւ լողալ բացառապես փրկարարների կողմից վերհսկվող տարածքներում։