Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կարող է ֆոնային ազդեցություն ունենալ ԼՂ խնդրով ընթացող բանակցային գործընթացի վրա:
Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Առավել քան համոզված եմ, որ Հաագայի դատարանի որոշումը մաքսիմալ կօգտագործվի բանակցային սեղանին եղած իրավիճակներում՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, թե՛ նաեւ ֆոնային»,-նշեց Բեքարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես բանակցող կողմ՝ նախագահով ու ԱԳ նախարարով, գործընթացի առումով որոշակիորեն կաշկանդված է: «Այդ պատճառով, անմիջական այլ քայլեր ակնկալել Հայաստանի ԱԳՆ-ից կամ նախագահականից, չեմ կարծում, թե նպատակահարմար կլինի, քանի որ այդ ամենը կներծծվի բանակցային գործընթացի մեջ»,-նկատեց Բեքարյանը: Ըստ նրա՝ բավական հետաքրքիր քայլեր անելու հնարավորություն ունի Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը: «Եթե հիշենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները, կտեսնենք, որ դրանցից յուրաքանչյուրի ներքո կա հնարավորություն՝ ինչ-ինչ քայլեր իրականացնելու»,-նկատեց «Եվրոպական ինտեգրացիայի» ղեկավարն ու թվեց դրանք՝ Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունները, միջխորհրդարանական հանձնաժողովները, բարեկամության խմբերը:
Գործիքների այս ողջ համալիրի ներքո, Կարեն Բեքարյանի խոսքով, այսօր Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի Հայաստանի բարեկամ երկրների հետ խորհրդակցություններ սկսել՝ ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ:
Բանախոսի կարծիքով, այս գործընթացում պետք է ներգրավել նաեւ լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ հայկական Սփյուռքին, որը պետք է ԼՂ անկախության ճանաչման գործընթացին նպաստելը իր օրակարգի թիվ մեկ խնդիրը դարձնի: Փորձագետի խոսքով, սակայն, հայկական Սփյուռքը պետք է ոչ թե դառնա ԼՂ անկախության ճանաչման գործընթացի նախաձեռնողը, այլ եղած նախաձեռնություններին առավելագույնս աջակցողը:




























