Վաղուց ժամանակն է՝ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացն ու ԼՂ անկախության հնարավոր ճանաչման գործընթացը դիտարկել որպես զուգահեռ ընթացող գործընթացներ: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով՝ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը առավել քան հարմար առիթ է, որպեսզի ԼՂՀ ԱԳՆ-ն սկսի որոշակի գործողություններ: Ըստ Բեքարյանի՝ այսօր ԼՂՀ ԱԳՆ-ի հիմնական գործառույթը պետք է լինի Ղարաբաղի սուբյեկտայնությունն ամրապնդելն ու Ղարաբաղի հնարավոր ճանաչման ուղղությամբ խորհրդակցություններ նախաձեռնելը:

«Չմոռանաք նաեւ այն հանգամանքը, որ չլինելով ԼՂ խնդրով ընթացող բանակցային կողմ, այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն  չունի որեւէ լրացուցիչ կաշկանդվածություն՝ իրականացնելու սեփական նախաձեռնությունները ու դրանք մինչեւ հնարավոր արդյունքները խորացնելը»,-նշեց Բեքարյանը: Նրա խոսքով,  նույն նախաձեռնությամբ պետք է հանդես գա նաեւ ԼՂՀ Ազգային ժողովը եւ դա կարող է տալ բավական հետաքրքիր արդյունքներ:

«Արդյունքներ ասելով մեզանում հասկանում են հենց այսօր, հենց այստեղ, հենց հիմա: Մինչդեռ, կան գործընթացներ, որոնց արդյունքը շատ ժամանակ ինքնին գործընթացի մեջ է նաեւ: Այսինքն, եթե կա ակտիվ նախաձեռնությունը, սա արդեն իսկ, էությամբ արդյունք է: Եւ այդ նախաձեռնության քանակական արդյունքը կարող է բերել նաեւ որակական արդյունքի»,-նկատեց բանախոսը: Նրա կարծիքով, պետք է օգտագործել բոլոր հնարավոր խողովակներն ու միջոցները՝ լրատվամիջոցներ, փորձագետներ, վերլուծաբաններ, ՀԿ-ներ, ԼՂ-ի սուբյեկտայնությունը ցույց տալու եւ  «ճանաչում ներքեւից» բանաձեւը կյանքի կոչելու համար: