Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չի մեկնի Թուրքիա եւ չի մասնակցի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի արարողությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։
Նրա տեղեկացմամբ, պատարագի արարողությանը կմասնակցեն երկու բարձրաստիճան եկեղեցականներ։ Վահրամ քահանա Մելիքյանը չհստակեցրեց նրանց անունները եւ մեկնման օրը՝ նշելով միայն, որ առաջիկայում համապատասխան տեղեկատվություն կտարածվի։
Նշենք, որ 2007-ին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական կողմի հավաստիացմամբ, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի։



























